Սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Լոս Անջելեսում նշվեց ՀՀ անկախության 24-րդ տարեդարձը:

Տոնական երեկոյին մասնակցում էին հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, համայնքային կառույցների անդամներ, դիվանագետներ և ամերիկացի պաշտոնյաներ:

Ողջունելով հյուրերին՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովն իր ելույթում նշեց. «24 տարի առաջ նորից հայկական պետություն հայտնվեց համաշխարհային քաղաքական քարտեզի վրա: 24 տարին մեծ ժամանակահատված է մարդու համար, սակայն կարճ՝ երկրի ու ժողովրդի համար: Մենք շատ գործ ենք արել այս տարիների ընթացքում և հպարտ ենք ձեռքբերումներով: Բայց և հաճախ չենք գոհանում արդյունքներով և ձեռք բերված ցուցանիշներով: Թող ամեն մեկս հարց տա իրեն, թե արդյոք մեր կարեցածն արել ենք՝ հպարտ լինելու համար: Վստահ եմ՝ ոչ ոք չի կարող ասել, որ արել է ամեն ինչ: Հրաշքներ մի՛ ակնկալեք, հրաշքներ տեղի չեն ունենում հատկապես՝ տնտեսության բնագավառում: Մենք բոլորս պետք է օգնենք մեր երկրին. հզոր ժողովուրդն է կերտում հզոր երկիր»:

Ելույթ ունենալով ներկաների առջև` ԱՄՆ-ում հրատարակվող «Կալիֆորնիա Քուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը նշեց. «ՀՀ վերանկախացումը մեր հավաքական երազանքի իրականացումն էր»: Նա ամփոփեց մեր երկրի ձեռքբերումը՝ անկախության վերականգնումից ի վեր, և մարտահրավերները, որոնք մինչև այօր էլ կանգնած են երկրի առջև:

«Այսօր մեր առջև ծառացած խնդիրները չենք կարող հաղթահարել առանց Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միասնական կամքի: Արցախի անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է ունենանք հզոր Հայաստան, որն, իր հերթին, աշխարհասփյուռ հայ համայնքների պահպանման երաշխիքն է: Այժմ` անկախության վերականգնումից գրեթե քառորդ դար անց, մենք ամեն հնարավոր բան պետք է անենք՝ ապահովելու հայրենիքի հետագա հզորությունն ու զարգացումը: Անկախ մեր գաղափարական, կրոնական ու քաղաքական կողմնորոշումներից` մենք պետք է միավորվենք մեր սիրելի եռագույնի ներքո», - նշեց Հարութ Սասունյանը: