Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները գտնվում էին «Ռոսիա» տոնավաճառի հարակից գետնանցումում՝ պահանջելով մի քանի առևտրականներից դադարեցնել իրենց գործունեությունը:
Նշենք, նմանատիպ գործողություններ Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության աշխատակիցներն իրականացրել են նաև Մալաթիա-Սեբաստիա թաղամաում, ինչպես նաև Գարեգին Նժդեհի հրապարակին կից գետնանցման տարածքում: Վերջին դեպքին անդրադարձել ենք բազմիցս՝ նշելով, որ իրականացված գործողությունները բացասական են անդրադառնում առևտրականների գործունեության վրա, ինչի հետևանքով հարցականի տակ է դրվում նրանց ընտանիքների բարեկեցությունը:
Այժմ, հերթը հասավ նաև «Ռոսիա» տոնավաճառի հարակից գետնանցմանը... YerevanNews.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տվյալ տարածքում առևտրով զբաղվող տարեց մարդիկ միայն ժամանակ էին խնդրում քաղաքապետարանից, որպեսզի ինքնակամ հեռանան, սակայն նրանց խնդրանքը մերժվեց:
Մի քանի առևտրականներ քաղաքապետարանի աշխատակիցների հետ միասին ուղևորվեցին դեպի քաղաքապետարան, որպեսզի քաղաքապետն ընդունի իրենց:
Այստեղ տեղին է նշել, որ Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետը՝ նույն ինքը Արման Եդոյանն է. նա օրեր առաջ Ռուբինյանց փողոցում վթարի էր ենթարկել 50-ամյա մի քաղաքացու, ով տեղում մահացել էր: Ըստ վերջին տեղեկությունների, նա դեռ շարունակում է մնալ նույն պաշտոնին:
Չէին դադարում քննադատություններն այն մասին, թե անտեղի է նման ողբերգական պահին խոսել մեքենայի մակնիշի և պաշտոնի մասին: Սակայն, ո՞վ կարող է երաշխավորել, որ «հզոր թիկունք չունեցող» առևտրականների ապրուստի հաշվին չի ձեռք բերվել այն «Lexus»-ը, որն ավելի վաղ մարդու կյանք էր խլել: