Օրեր առաջ տեղեկացրել ենք, որ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում (Սամաղար) գյուղացիները ստիպված են եղել 50 տոննա վարունգ նետել աղբը: Մեզ հետ զրույցում գյուղապետ Սերյոժա Առաքելյանը նշեց, որ նման իրավիճակ է նաև հարակից գյուղերում:
Թեմայի շուրջ YerevanNews.am-ը զրուցեց Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանի հետ, ով հաստատեց տեղեկության ճշմարտացիությունը: Նա ասաց.
- Վարունգը փչանում է...ծավալները շատ են, մարդիկ կան տոննաներով չեն կարողանում իրացնել, թափում են: Հենց հիմա էլ կա...
Մարդիկ նույնիսկ չեն էլ հավաքում, հենց տենց թողնում են հողի մեջ: Բանվորին գումար են տալիս, չեն կարողանում իրացնել...հավաքում են, էդ բանվորի փողն էլ մնում ա մեր վրա:
Նշենք, որ մարդիկ վարունգ ցանել են ոչ թե սեփական միջոցների հաշվին, այլ բանկերից և այլ նման հաստատություններից վարկեր ձեռք բերելու միջոցով: Իսկ այժմ, գյուղացիները չեն կարողանում իրացնել իրենց քրտինքով ստացված բերքը՝ միայն իրենց պարտավորությունները կատարելու համար, շահույթի մասին չեն էլ մտածում:
Գյուղատնտեսության նախարարությունը, որի ղեկավար, ֆոտոսեսիաների սիրահար Սերգո Կարապետյանը, ով անձամբ էր խորհուրդ տվել վարունգ ցանել, լռում է կամ էլ մի քանի մթերողների հեռախոսահամար է փոխանցում գյուղացիներին և ասում՝ զանգեք:
Ծաղկալանջի գյուղապետն ասում է.
- Ճիշտն ասած մենք տեղյակ պահել ենք. մարզպետարանը տեղյակ է, գյուղատնտեսության նախարարությունից մեր գյուղ կոնկրետ մարդ չի եկել: Մարզպետարանից էլ ասացին, որ ինչ-որ միջոցներ են ձեռնարկում...
Վարունգ դեռ ահագին կա...հենց հիմա, որ ուզենան հավաքեն ամբողջ գյուղի մասշտաբով 25 տոննայից ավել բերք կստացվի:
Գյուղապետը նշեց, որ իրենք դիմել են մի քանի անհատ մթերողների, ովքեր սակայն հրաժարվել են: Առաջարկել են նաև «նիսյայով» տարբերակ, պայմանագրով՝ հետո գումարը վճարելու տարբերակով, սակայն մթերողները չեն համաձայնվել:
Իսկ ավելի մեծ ընկերությունների, ինչպիսին են Արտֆուդին ու ՄԱՊ-ին իրենք չեն դիմել: Նշենք, որ Արտֆուդ ընկերության գլխավոր տնօրենը նախարարի որդին է՝ Վաչագան Սերգոյի Կարապետյանը:
Նույնիսկ այն դեպքում, երբ վերջիվերջո գյուղատնտեսություն նախարարությունը սկսի գործել և կատարել իր պարտավորությունները՝ «հայտնաբերի» այնպիսի մթերողների, ովքեր կցանկանան գնել վարունգը, միևնույն է՝ գյուղացիները ահռելի վնասներ են կրել և շարունակում են կրել: Յուրաքանչյուր մարդ, կատարելով որոշակի ներդրում՝ թե ֆինանսական, թե աշխատուժի տեսքով ակնկալում է ստանալ արդյունք և եկամուտ: Իսկ երբ ստացված արդյունքը չի բերում եկամուտ, ապա զրոյանում են բոլոր ներդրված արժեքները: