Ատամհատիկ (ակռահատիկ կամ էլ ատամնահատիկ), հայկական ծես, որը կատարվում է մանկան առաջին ատամը դուրս գալուց հետո։ Ըստ ծեսի, մանկան նստեցնում են սեղանի վրա, գլխի վրա պահում մի կտոր, և կտորի վրա լցնում խաշած ցորենի, լոբու, սիսեռի, գարու, և այլ հատիկներ։ Մանկան դիմաց դրված են լինում տարբեր առարկաներ, որոնցից այն, որ մանուկը առաջինը ձեռք տա՝ խորհրդանշելու է նրա ապագա մասնագիտությունը։
Տարբեր հայկական շրջաններում, ծեսը տարբեր անուններով է կոչվում՝ Շիրակում և Ջավախքում անվանվում է ակռահատիկ, Մուշում՝ ակվասորիկ, Սյունիքում՝ ատամսուրիկ, Սիսիանում՝ կեղքահատիկ, Վայոց Ձորում՝ կեռահատիկ, Արարատյան դաշտում հատիկ կամ ատամ սուր, Ղարաբաղում` կճեխաշ։
Ըստ ազգագրագետ Սամվել Մկրտչյանի, ատամհատիկը պտղաբերության և առատության խորհրդանիշ է։ Հին արարողության ժամանակ, մանկան առաջ դրվում էին երեք իր՝ սանր, հայելի և դանակ։ Սանրը մանկան հավասար ատամներ ունենալու, հայելին առատության և պտղաբերության նշան էր, իսկ դանակն ուժի։ Հայաստանի որոշ շրջաններում ծեսը կատարվում է երգերով, որոնք նկարագրում են երեխայի ապագա ճակատագիրը և գործունեությունը։
Հայկական այս ծեսն իր ողջ էությամբ շարունակում են նաև մեր այլ հայրենակիցներ՝ աշխարհի տարբեր ծայրերում։
Այսoր մեր հյուրը փոքրիկ գեղեցկուհի Մարիան է, ով լինելով 6 ամսեկան, արդեն ունի իր առաջին ատամները։ Ընտանիքի անդամները օրը նրա համար դարձրեցին տոն՝ նշելով ատամհատիկը։
YerevanNews.am-ը սիրով շնորհավորում է աշխարհի բոլոր փոքրիկներին այս տոնի կապակցությամբ և մաղթում, որ այդ ատամիկներն ամբողջ կյանքում փայլեն ժպիտից...


