«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է՝ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը մի շարք գործարարների պարգևատրել է տարբեր մեդալներով` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար» ձևակերպմամբ: Այլ կերպ ասած՝ բոլոր այն հայ գործարարները, որոնք Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման համար գումար են նվիրաբերել «քեշով», այսօր մեդալ ունեն: Ու անհասկանալի է մնում, թե ինչու մեդալի չեն արժանացել Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը` աշխարհահռչակ ռեպեր Քանյե Ուեսթը:

Վերջիններս, իհարկե, «քեշ» գումար չէին տվել, բայց նրանց շնորհիվ մոտ մեկ շաբաթ ողջ աշխարհի առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանի վրա: Նման քարոզչություն կազմակերպելու համար Հայաստանը տարբեր հաշվարկներով մոտ 300 մլն դոլար պետք է ծախսեր: Սերժ Թանկյանի և «System of A Down» խմբի մասին էլ չենք խոսում, նրանք ևս «քեշով» չեն աջակցել, հետևաբար չունեն նաև մեդալ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: