Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Շրջայցի նպատակն էր տեղում դիտարկել զինվորական ծառայության կազմակերպման պայմանները, նոր կառուցվող ու նորոգվող շինությունների ընթացիկ աշխատանքները, ծանոթանալ սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև ստուգել նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
Պաշտպանության նախարարի կողմից առանձնակի ուշադրության են արժանացել նոր կառուցվող շինությունները անհրաժեշտ գույքով համալրելու աշխատանքների ընթացքը:
Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է մարտական հենակետերում, դիտարկել մարտական հերթապահության իրականացման պայմաները: Բանակային զորամիավորման հրամանատարության և ՀՀ ՊՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են սահմանագոտու տվյալ հատվածի մարտական հենակետերի ինժեներական բարելավման և լրակահավորման միջոցառումները:
Մարտական հենակետերում նախարարը ճաշել է հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ՝ իր երախտագիտությունը հայտնելով անձնվիրաբար ու խիզախորեն ծառայելու համար:
Սահմանագոտու տվյալ հատված կատարած շրջայցի ավարտին էլ հրամանատարական կազմին առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են ցուցումներ և հանձնարարականեր՝ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ՝ մասնավորապես ԼՂ ՊԲ հետ համադրված և պլանավորված խնդիրների շրջանակում: