«Կոմիտաս» փառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանել Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրք երգչուհի Լեման Շտեհնը:
«Հայ ազգը վաղուց իմ սրտում տեղ ունի: Համալսարանում ուսանելու տարիներին ձեռք բերեցի հայազգի ընկերներ, որոնք ինձ ծանոթացրին հայոց մշակույթին և հայերի հանդեպ սերս ավելի ամրապնդվեց»:
Դասական ժանրի երգչուհին չհամակերպվելով թուրք հասարակության աշխարհայացքին` բազմիցս լքել է երկիրը:
«Երկար ժամանակ կտրված եմ եղել հայկական երգերից, սակայն երբ կատարվեց եղբորս` Հրանտ Դինքի սպանությունը, տարբեր վայրերում նրա պատվին սկսեցի երգել «Սարի Գելին» երգը, որը Դինքի սիրելի ստեղծագործություններից էր»,-պատմում է Լեհմանը, որը 3 տարի առաջ գալով Հայաստան` ձեռք բերեց մի շարք հայ ընկերներ, որոնցից են դաշնակահարուհի Սիլվա Ֆարմազյանը և «Երգիչների միջազգային ասոցիացիայի» նախագահ Նվարդ Հովակիմյանը, որը և հանդիսանում է երգչուհու պրոդյուսերը:
«Իրերը պետք է կոչել իրենց անուններով, ուստի ես ոչ միայն Թուրքիայում և ամենուր օգտագործում եմ «ցեղասպանություն» բառը, այլև միշտ մասնակցում եմ այդ վայրագության դեմ ուղղված բոլոր միջոցառումներին: Իմ անցյալի հետ առնչվելու պահանջ եմ զգում»,-ասում է երգչուհին, որը հոկտեմբերի 6-ին «Never Forget» խորագիրն ունեցող համերգային ծրագրով հանդես է գալու «Յանս» ակումբում:


