Այսօր Երևանի ծայրամասերից կենտրոն գնացող վարորդները տհաճ իրավիճակի մեջ էին հայտնվել. ոմանք Կորյուն-Աբովյան, մյուսները Մաշտոց-Ամիրյան փողոցներում, ինչպես նաև Կրկեսի շրջակայքում պարզում էին, որ Երևանի կենտրոնը փակ է և այդպես մնալու է մինչև ժամը 13:30-ը:
Վարորդները ճանապարհը փակած ոստիկանության ծառայողներից էին միայն պարզում, որ Կենտրոն մտնող բոլոր փողոցները փակ են, քանի որ «երեխեքը պետք ա վազեն»: Ավելին, ոստիկանները նեղ վիճակում հայտնված վարորդներին խորհուրդ էին տալիս «ստեղ մի տեղ» կայանել, ժամը 13:30-ից հետո գալ վերցնել մեքենան:
Ծանր վիճակում էին հայտնվել երթուղայինների վարորդները. նրանք նույնպես տեղյակ չէին, որ ճանապարհները փակվելու են. կանգնում էին, իսկ ուղևորներն էլ իջնում էին ու ոտքով շարունակում ճանապարհը:
Սովորաբար փողոցները փակող ոստիկանությունը տեղեկացնում է, որ փողոցները փակ են լինելու, բայց այս անգամ նման տեղեկատվություն չի տարածվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ վազքի միջազգային կիսամարաթոնի կապակցությամբ ճանապարհների փակվելու մասին Սպորտի և երիտասարդության նախարարությունը ու Երևանի քաղաքապետարանը համապատասխան հայտարարություն տարածել են: Սակայն պետական այս մարմինների պաշտոնական կայքերը լռում են: Ավելին, մեր լրատվամիջոցի էլեկտրոնային հասցեն նման բովանդակությամբ հաղորդագրություն չի ստացել:
Արթուր Եղիազարյան` facebook