Քանի որ արդեն «Նարեկը» կյանք մտավ, հետևապես այս վերակենդանացումը որպես խայծ սկսեցին օգտագործել բավական մարդիկ, ովքեր հակառակ էին կանգնած: Դրանք էին մի խումբ էքստրասենսեր, գուշակներ, կախարդներ և այլն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը:

- Իմ մոտ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ նրանք մարդկանց ասել են՝ «դե վերջում էլ մի հատ «Նարեկ» կկարդանք»: Իրենք դա որպես խայծ են օգտագործում մարդկանց մոլորեցնելու համար:

Նման մարդիկ՝ բախտագուշակները, էքստրասենսերը արդեն չարի մարմնավորումն են: Ես ուղղակի զարմանում եմ, ինչպես են այդ նույն մարդիկ խոսում աղոթքից, Աստծու անունից, երբ լրիվ հակառակ են դրան: Ամբողջը չարի ու բարու պայքարն է... ընդհանրապես այդ բոլոր կախարդները, գուշակները չարի ազդեցության տակ են:

Մարդիկ զարմանում են, ասում են՝ «այ տես, նա այս բանը իմացավ»... այո՛, որովհետև չարը մոլորեցնելու համար նույնպես պետք է ուժ ու զորություն ունենա, որպեսզի մարդ խաբնվի: Եթե չարը միանգամից գալիս է ցավ ու տառապանքով, ոչ ոք չի գնա: Խաբկանքը այստեղ է...

Նույն էքստրասենսը, երբ ուզում է քեզ օգնել, որպես պարազիտ սնվում է քո էներգիայի հաշվին և խառնվում են այդ էներգիաները:

Շատ կարևոր է, որ մարդիկ սա իմանան և «Նարեկի» անվան ներքո չտարվեն այդ չար ուժերով, կախարդանքով, մոգությամբ զբաղվող մասնագետների մոտ չգնան: