Այսօր Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանամերձ գոտիների բժշկական կենտրոնների խնդիրներին, ասաց, որ եղել է առաջատար մասնագետների այցելություն սահմանամերձ գոտի, ինչը պարբերաբար իրականացվելու է, և դա շարունակական է լինելու:

«Քայլ առ քայլ իրականացվում է: Ես կարծում եմ, որ սա ակնառու է, օրերս կտեսնեք նոր բուժհիմնարկի բացում, կտեսնեք, որ բազմաթիվ խնդիրներ մարզերում շատ արագ լուծում են ստանում: Մեր ամենալուրջ խնդիրներից մեկը կադրային հագեցվածությունն է, որպեսզի մարզում աշխատելը բժշկի համար գրավիչ լինի»,-ասաց նա:

Նախարարը հայտնեց, որ այսօր ընդունել է մի մասնագետի, որը խիստ անհրաժեշտ է Տավուշի մարզում:

«Երեք անեսթեզիոլոգ ունենք Տավուշի մարզում, որոնցից մեկը ցանկանում է ազատվել աշխատանքից, և ես այսօր առանձին նրան ընդունել եմ, որպեսզի խոսեմ և իմանամ պատճառները որոնք են, որ նա ցանկանում է այնտեղից տեղափոխվել, և մենք ինչպես պետք է անենք, որ գրավիչ լինի իր համար, կամ ինչպես փոխարինենք: Մարզպետի հետ էլ ենք խոսել այդ մասին, իրենք պետք է հանդիպում ունենան և շաբաթվա վերջ կամ պետք է նոր մասնագետ հրավիրեն, կամ ապահովեն, որ նա շարունակի աշխատել»,-ասաց նա: