Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի նպատակն է տարանջատել սահմանամերձ համայնքներում արտադրական և առևտրային գործունեություն ծավալող ընկերություններին տրամադրվող արտոնությունները, մասնավորապես, արտադրական գործունեություն իրականացնող ընկերություններին արտադրության կազմակերպման և արտադրամասերի կառուցման համար ձեռք բերված (ներմուծված) ապրանքների համար ԱԱՀ-ի մասով արտոնություններ տրամադրել: Վերոնշյալ արտոնության սահմանումն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացման, տարածքային զարգացման, զբաղվածության ապահովման համար:
Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է, մասնավորապես, հստակեցնել խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն, վերականգնելուն, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելուն և վերսկսելուն, չվճարված նպաստի գումարը վճարելուն առնչվող հարաբերությունների իրավակարգավորումները: Օրինագծի ընդունման դեպքում կմիասնականացվի խնամքի նպաստի և ծառայության կողմից վճարվող այլ դրամական վճարների նշանակմանն ու վճարմանն առնչվող հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև կվերացվի օրենքում տեղ գտած վրիպակը:
Գործադիրը հավանություն է տվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը հնարավորություն կընձեռի իրականացնել ինժեներական, գծային, ճանապարհային, մայրուղային և այլ համակարգերի մաս կազմող հաղորդակցության ցանցերի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքների պետական գրանցում և դրանց վերաբերյալ տրամադրել տեղեկություններ:
Կառավարության նիստում քննարկվել է ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներին տրամադրել պետական միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը հոգալու իրավունք, բացառությամբ եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է: Կառավարության եզրակացության համաձայն, օրենքում վերջերս կատարված փոփոխությունների համաձայն, օտարերկրյա պետությունում բուժում ստանալու հնարավորություն է ընձեռնվել մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին: Հաշվի առնելով այն, որ օրենքում կատարված փոփոխությունը նոր է ուժի մեջ մտել և դեռևս գործողության մեջ հնարավոր չէ գնահատել դրա արդյունքները, ինչպես նաև պետական միջոցների հնարավորությունները, ուստի առաջարկվում է առայժմ այդ շրջանակը ընդարձակել միայն ծառայողական պարտականությունները կատարելիս հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներով: Այսպիսով, կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկության ընդունման դեպքում:
Վերոնշյալ օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով: