Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը գիշերային ժամերին սպասում ենք ջերմաստիճանի անկում՝ 4-5 աստիճանով։ Սա պայմանավորված է եղանակի պարզեցմամբ ու հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նա նշեց, որ լեռնային մի շարք շրջաններում կա ցրտահարության վտանգ։ Նա մանրամասնեց՝ ասելով, որ խոսքը հիմնականում վերաբերում է Շիրակին, Լոռվա մարզին, Արագածոտնի լեռներին, Կոտայքի լեռնային շրջաններին և Գեղարքունիքին։ Այստեղ առանձին շրջաններում հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում՝ -2-ից -3 աստիճան։ Հատկապես խոցելի կլինեն Շիրակի մարզում՝ Աշոցքի ու Ամասիայի հատվածը, Արթիկ, Մարալիկ հատվածը և հարակից գյուղերը։ Լոռվա մարզում՝ Տաշիրը, Ստեփանավանը և հարակից տարածքները, Արագածոտնի մարզում՝ Ապարանը և հարակից գյուղերը, Կոտայքի մարզում՝ Հրազդանը և հարակից գյուղերը և Գեղարքունիքի մարզում՝ Գավառը, Վարդենիսը և դրա հարակից գյուղերը:
Գագիկ Սուրենյանը նաև նշեց, որ հոկտեմբերի 11-ին և 12-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։


