Հոկտեմբերի 13-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն: Այցի առաջին օրը կայացել են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները հյուրընկալող երկրի իր պաշտոնակցի և խորհրդարանի Ստորին պալատի փոխնախագահի հետ:
Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Մարտին Ստորպնիցկու հետ հանդիպման ժամանակ կողմերը երկուստեք ընդգծել են քաղաքական և տնտեսական ոլորտներում հայ-չեխական կապերի դինամիկ զարգացումը, նշելով, որ փոխադարձ շահագրգռվածության և պատրաստականության հետ միասին դրանք, ստեղծել են նաև պաշտպանության ոլորտում գործնական համագործակցություն զարգացնելու նախադրյալներ: Որպես երկկողմ համագործակցության խոստումնալից ոլորտներ, մատնանշվել են ռազմական արդյունաբերությունը, կրթությունը, բժշկությունը, իրավապահությունը, ինչպես նաև հումանիտար ականազերծումն ու կիբերանվտանգությունը:
Չեխիայի խորհրդարանի Ստորին պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանն ու իր չեխ զրուցակիցը կարծիքներ են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, փոխադարձ կարևորել են երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը պլանային հիմքերի վրա դնելու նպատակահարմարությունը:
Չեխիայում գտնվելու առաջին օրը ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև չեխական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, ներկա է գտնվել տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների հայ-չեխական բիզնես ֆորումի բացման արարողությանը:
Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի Չեխիայի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի այլ ձեռնարկություններ և Բռնո քաղաքում տեղակայված Չեխիայի պաշտպանական համալսարան: