Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիբանանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունը, այս մասին տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը:


Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նա ընդգծել է, որ բարեկամ Լիբանանի հետ վերջին տարիներին նախագահական մակարդակով փոխայցելություններն ու ակտիվ երկխոսությունը նոր շունչ հաղորդեցին հայ-լիբանանյան միջպետական հարաբերություններին, և այժմ երկկողմ համագործակցության օրակարգում առկա են նոր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք կյանքի կոչելու գործում կարևոր դեր է վերապահված երկու երկրների դեսպաններին:


Զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ Հայաստանի և Լիբանանի ժողովուրդների միջև հարյուրավոր տարիների պատմություն ունեցող բարեկամությունը վերջին երկու տասնամյակում ձեռք է բերել սերտ միջպետական հարաբերությունների բնույթ, որն արտահայտվում է տարբեր մակարդակներում, միջազգային կառույցների շրջանակներում և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում շահագրգիռ ու ակտիվ փոխգործակցությամբ:
 

Դեսպան Ժան Մաքարունը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկու պետությունների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն առավել ամրապնդելու և խորացնելու գործում: