Հոկտեմբերի 16-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ Մշակութային վերածնունդ հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շնորհանդեսը: Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան ծրագրի ղեկավարները՝ «Մշակութային հիմնադրամ»-ի տնօրեն Մարինա Սուլթանյանը, նախագծի երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, երաժիշտ Արմեն Մարտիրոսյանը, նախագծի երաժշտական խմբագիր Արթուր Շահնազարյանը:
Այբ դպրոցի սաներին ներկայացվեց նախագծի ստեղծման նախապատմությունը, ընթացքը, արդյունքները, ծրագրի շրջանակներում հրատարակված ժողովրդական երգերի բացառիկ ժողովածու հանդիսացող «1000 ու մի խաղ» գիրքը:
Կրթահամալիրում շնորհանդեսի անցկացումը բոլորովին էլ պատահական չէր:
Հաշվի առնելով «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի կրթադաստիարակչական նշանակությունը՝ ուշադրություն է դարձվում համագործակցությանը կրթական ոլորտի հետ, քանի որ նախագիծը նպատակ ունի երիտասարդ սերնդին ավելի սերտորեն հաղորդակից դարձնել հայ մշակույթին և հատկապես՝ հայ երաժշտարվեստին, ճանաչելի դարձնել հայ երաժշտության գլուխգործոցները և նպաստել սերունդների հայեցի դաստիարակությանը: