Հայ երաժշտության ավելի քան 500 նմուշներ՝ հավաքված մեկ տեղում և հասանելի բոլորի համար. «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակներում իրականացված աշխատանքներին և արդյունքներին էր նվիրված Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 19-ին կայացած շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 40 հայ երիտասարդներ: Վերջիններս հնարավորություն ստացան շրջել թանգարանով և ծանոթանալ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող նախագծին: Հիմնադրամի տնօրեն Մարինա Սուլթանյանը նշեց, որ սփյուռքում գործող հայ մշակութային օջախների, պարի և երգի խմբակների ղեկավարները բազմիցս դիմում են համապատասխան երգերի նոտաները, երգերի տեքստերը ձեռքբերելու ակնկալիքով և «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը կօգնի լուծել այս խնդիրը:

Ձայնագրված և նոտայագրված երգերը տեղադրվել են համացանցում արդեն գործող armenianmusic.am պաշտոնական կայքում, որտեղ կարելի է գտնել երգերի և՛ ձայնագրությունները, և՛ բառերը, և՛ նոտաները:

Ներկաներին ներկայացվեց նաև «1000 ու մի խաղ» ժողովածուն, որի մեջ ներառվել է Կոմիտասի կողմից ընտրված 100 ժողովրդական երգ: Սա Կոմիտասի չիրականացված երազանքն էր, որը կյանքի կոչվեց հիմնադրամի կողմից: