Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «20 պետության 200 մարզիկ Հայաստանում» թեմայով ասուլիս: 

Սույն ամսվա 23-25-ը Հայաստանում կայանալու են Մաս-ռեստլինգի Աշխարհի գավաթի 2-րդ փուլը և Եվրոպայի բաց առաջնությունը։ Մրցմանը մասնակցելու են շուրջ 20 պետության 200 մարզիկներ։ 

«Այս տարի աշխարհի գավաթը 3 փուլից էր բաղկացած։ 1-ին փուլը կայացավ Ղրղզստանում, այնտեղ մեր մարզիկները բավականին լավ հանդես եկան՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։ 2-րդ փուլը կանցկացվի Հայաստանում, 3-րդը՝ Ռուսաստանում։

Հայ մարզիկները այս սպորտաձևում ներկայումս շատ բարձր դիրք են գրավում աշխարհում։ Սկզբում մենք առաջնություն կազմակերպեցինք Հայաստանում՝ համոզվելու, որ կարող ենք հյուրընկալել նաև Աշխարհի գավաթը, այնուհետև հայտ ներկայացրինք համաշխարհային ֆեդերացիային, որն ընդունվեց։

Այս սպորտաձևից Եվրոպայի առաջնություն դեռևս չի եղել, Հայաստանում կազմակերպվող բաց առաջնությունն իր տեսակում առաջինն է»-, նշեց ասուլիսի բանախոս, ՀՀ Մաս-ռեստլինգի Ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը։

Հոկտեմբերի 22-ից արդեն մարզիկները կսկսեն ժամանել Հայաստան։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 23-ին տեղի կունենա մարզիկների կշռման, այնուհետև՝ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Հենց այդ օրն էլ մարզիկները կսկսեն պայքարը։ Իսկ արդեն հոկտեմբերի 24-ին տեղի կունենա մրցման եզրափակիչ փուլը, որին կհետևի փակման արարողությունը։

Մարզիկները կմրցեն 12 քաշային կարգերում։ Հայաստանը առաջնությանը կներկայանա 36 մարզիկներով, որոնց թվում քիչ չեն նաև իգական սեռի ներկայացուցիչները։

«1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները կպարգևատրվեն համաշխարհային ֆեդերացիայի կողմից։ Մարզիկները 18 տարեկանից բարձր են, քանի որ առաջնությունը մեծահասակների համար է նախատեսված։

Մրցման համար նախատեսված բոլոր սարքավորումները համապատասխանում են միջազգային ստանդարտներին, այդ մասին հավաստեց նաև մոտ մեկ ամիս առաջ ստուգողական այցով Հայաստան ժամանած համաշխարհային ֆեդերացիայի փոխնախագահը», - նշեց պարոն Նալբանդյանը։

Հավելենք, որ առափնությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15։00-ին՝ «Միկա» մարզադաշտում։ Մուտքն ազատ է։

 

Մարիամ Նալբանդյան