Օրերս ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց Հայաստանի տնտեսության մասին բավական հետաքրքիր ցուցանիշներ, որոնք, սակայն, նույնիսկ առաջին հայացքից հեռու են իրականությունից:
Ըստ հրապարակված ցուցանիշների, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015թ-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.7%, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 4.8%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 11.3%-ով, շինարարության ծավալը` 0.1%-ով:
Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին անդամ, պատգամավոր Թևան Պողոսյանի հետ:
- Այսօրվա դրությամբ ԱՎԾ-ն սովորել է անհասկանալի թվեր գումարելով ինչ-որ ցուցանիշներ հրապարակել. մի բանը առաջ է գնում, մի բանը հետ է գնում: Եկեք մեր իրական կյանքից ելնելով գնահատենք: Հասկանալի է, որ Հայաստանի տնտեսությունը այսօրվա դրությամբ գտնվում է ճգնաժամում և միայն հետընթաց է ապրում: Միգուցե ինչ-որ ոլորտ կա, որ աճել է, բայց միայն այդ ոլորտով չենք կարող առաջնորդվել:
Հիմա չգիտեմ ո՞ր գյուղում է, որ տնտեսական աճ է: Իմ շրջապատում ես ում հետ շփվում եմ միայն հետընթացի մասին են խոսում: Մնացածը, որ նայում ես՝ հետընթաց է, թե ինչպես է այդ թվերը ձևավորվում, ես չգիտեմ: