Իրավունք թերթն անդրադարձել է Կարեն Եսայանի սպանության գործին` նշելով, որ սպանված երիտասարդի ծնողները Ռազմիկ Եսայանը և Անահիտ Իսկանդարյանը, «Իրավունք»-ին տված հարցազրույցում մեղադրյալ Հարություն Սարգսյանի հետ կապված ասել էին, որ վերջինս իրեն այնքան արտոնյալ է պահում դատարանում, կարծես բոլորը մեղավոր են նրա հոր և նրա առջև:
Ըստ թերթի` այդ ամենից հետո Կ.Եսայանի ծնողները շատ ավելի լուրջ մտավախություններ են ներակայացրել` հավելելով, որ Ռ.Եսայանի և Ա.Իսկանդարյանի կողմից օրերս դիմում-բողոք է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանապետին:
Դիմում-բողոքում մասնավորապես ասվում է. «Մեղադրյալ ոճրագործ Հարություն Սարգսյանը դատարան ներկայանալու համար երկու օրով տեղափոխվում է Ախուրյանի տարածաշրջանի ոստիկանության ՁՊՎ, որտեղ մարդակեր-մարդասպանը վերին աստիճանի արտոնյալ պայմաններում է:
Մարդասպանը մշտապես օգտվում է իր մոտ գտնվող ձեռքի հեռախոսից, նրան շուրջօրյա այցի են գնում ծնողները, հարազատները, բարեկամները:
Կաշառելով ՁՊՎ-ի աշխատակիցներին` մարդասպանի հարազատներն ազատ ելումուտ են անում ՁՊՎ-ի տարածք և մեկուսարանի մեջ, հենց մեղադրյալի բանտախցում, ժամերով կերուխում են կատարում»:
Այս բողոքի հետ կապված թերթի թղթակիցը պարզաբանումներ է խնդրել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որտեղից պատասխանել են, որ նման բողոք ոստիկանությունը դեռևս չի ստացել:
«Ստանալուն պես` անմիջապես հետամուտ կլինենք և եթե ստուգումներից, հարցումներից հետո նման բան հայտնաբերենք, հավատացնում ենք Ձեզ, որ անօրենները կպատժվեն: Ծնողներն անպայման կստանան դիմումի պատասխանը»,- պատասխանել են ոստիկանության լրատվական ծառայությունից:


