Զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հայտնած տեղեկատվությունն այն մասին, թե իբր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում ազատազրկված որոշ անձանց նկատմամբ բռնություն է գործադրվել, ինչից հետո մյուսներն իրենց բողոքն են հայտնել. տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։
Տեղեկացնում ենք, որ ԶԼՄ-ներում տեղ գտած տարաբնույթ տեղեկությունները ծառայողական քննության շրջանակներում իրականացված գործողությունների, մասնավորապես՝ ազատազրկված անձանց նկատմամբ կատարված բռնությունների վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում:
Հայտնում ենք, որ քաղաքացու դիմումի հիման վրա նշանակված ծառայողական քննության շրջանակներում ՀՀ ԱՆ ՔԿՎ ներքին անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից խուզարկություն է կատարվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի խցերում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել են մի շարք արգելված իրեր, ինչն էլ բնականաբար կարող էր առաջացնել դատապարտյալի կամ կալանավորված անձի դժգոհությունը: