«Միջազգային պատվիրակություններից բոլորը, այդ թվում նաև ես, հետ ենք կանչվել: Ես ինքս ինձ հետ եմ կանչել երկու կարևոր առանցքային պատվիրակություններից՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովից, որտեղ ես քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն էի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի վեհաժողովից»,- այս մասին այսօր լրագորղների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ միջազգային պատվիրակություններից հետ է կանչվել Ստեփան Մարգարյանը, ով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական վեհաժողովի անդամ էր, Էլինար Վարդանյանը, ով ՆԱՏՕ-ի անդամ էր, Միքայել Մելքումյանը, ով Սևծովյան համագործակցության հանձնաժողովի անդամ էր:
ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ այս պահին խմբակցությունը հինգ ազատ տեղ ունի միջազգային պատվիրակություններում: Միջազգային պատվիրակություններից հետկանչը պետք չէ շփոթել մշտական հանձնաժողովներից հետկանչի հետ: