Այս տարվա հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Նշենք, որ սպանությունը տեղի էր ունեցել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին:

Գործը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նախաքննությունը ավարտվել է:

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին ծաղրուծանակի ենթարկելու մեջ մեղադրվող Արշակ Մարտիրոսյանը, ճանաչվեց մեղավոր ու դատապարտվեց 2 ամսվա կալանքի, որը համաձայն ՔՕ 70-րդ հոդվածի պայմանականորեն չի կիրառվի։