ՀՀ գյուղատնտեսության նախարարության անկազմակերպ և անարդյունավետ աշխատանքի մասին խոսել ենք բազմիցս: Սրա վառ ապացույցն է չմթերված, փչացած և աղբանոցում հայտնված վարունգը, խաղողն ու մնացած բերքը: Երբ փորձում էինք պարզաբանում ստանալ գյուղատնտեսության նախարարությունից այսպիսի իրավիճակի առաջացման համար փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց. «Մեր հորդորն այն է եղել, որ գյուղացիները վաճառեն վարունգը շաբաթ-կիրակի օրերին Երևան քաղաքում գործող տոնավաճառներում: Գյուղապետերը ոչ մի հայտ չեն ներկայացրել՝ ասելով, որ մարդիկ չեն ուզում: Ընդհամենը եղել է մեկ հոգի»:
YerevanNews.am-ը կապ հաստատեց տուժած գյուղերից մեկի՝ Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանի հետ, ով ասաց.
- Եղել է այդպիսի առաջարկ: Հիմա, մարդը հավաքել է 3 կամ 5 տոննա վարունգ, հո չի կարա՞ տենց տանի հրապարակի վրա էդ մեքենան կանգնացնի... դա այն դեպքում կարելի է անել, եթե բերքը քիչ է. ասենք տանում են շաբաթ-կիրակի օրերին ինչ-որ բան կազմակերպում են, որ քաղաքի ժողովուրդը նորմալ գնով, ոնցվոր գյուղացին է տալիս, վերցնի: Շաբաթ կիրակի օրերին է ընդամենը:
Հիմա մարդ կա իրեն հարմար է եղել, մարդ կա՝ հարմար չի եղել:
Ձեր գյուղից դիմողներ եղե՞լ են:
- Ճիշտն ասած մենք բոլոր բնակիչներին, ովքեր ունեն նման խնդիր, տեղյակ ենք պահել, բայց ոչ ոք էլ չի գնացել:
Նշենք, որ գյուղապետը ավելի վաղ մեզ հայտնել էր իրենց խնդրանքի մասին: Գյուղացիները խնդրում էին նման պայմաններում գոնե զեղչել ոռոգման ջի վճարը: Մեզ հետաքրքրեց, թե արդյո՞ք գոնե այդ խնդրանքը իրագործվել է...
- Ոչ մի նորություն էլ չկա: Այդ հարցերը միայն բանավոր է եղել, գրավոր բան չի եղել, բայց այս պահի դրությամբ ոչ մի բան չեն ասել: Ոչ ասել են կլինի, ոչ ասել են չի լինի: