ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 76-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1939 թվականին ծնված Գոհար Բարսեղյանի դին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի գլխավորությամբ։ Դիակի արտաքին զննությամբ՝ գլխի հատվածում հայտնաբերվել է բաց, բութ, գանգուղեղային վնասվածք, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գյուղատնտեսական օգտագործման բահ, որի վրա առկա են եղել արնանման հետքեր։

Դատաբժշկի կողմից ներկայացված մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվան պատճառը գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է, ինչը հետևանք է նշված գանգուղեղային վնասվածքի։

Դեպքի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչը։ Մշակվել է քննչական գործողությունների պլան, առաջ քաշվել հնարավոր վարկածներ, որոնք ստուգելու, կատարված սպանության շարժառիթները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ, կոնկրետ հանգամանքները բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ Դեպքի վայրից վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են տարբեր անձինք։