Ըստ «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի՝ հարկային նոր օրենսգրքի մասին նախագիծը պետք է նպաստի տեղական ապրանք արտադրողների զարգացմանը և բյուջեն լցնի ուղղակի հարկերով, -YN.am-ի հետ զրույցում շեշտեց նա։
«Ներկայիս օրենքների հետևանքով է նաև, որ մեր տնտեսական կյանքը ցանկալի զարգացումներ չի ապրել ու դրա համար է նաև, որ մեր տնտեսությունը չի գտնվում դինամիկ զարգացման փուլում ու շատ բաներով կապված է աշխարհաքաղաքական զարգացումներից, մասնավորապես՝ Ռուսաստանի տնտեսությունից: Հարկային նոր օրենսգիրքը տնտեսագիտական լուրջ փաստաթուղթ է, որը երկար ժամանակ քննարկվել է ու այսօր էլ շարունակվում է քննարկվել»,-ասաց նա:
Վազգեն Սաֆարյանն ընդգծեց, որ նոր օրենսգիրքը շեշտը դրել է բյուջեն ոչ թե անուղղակի, այլ ուղղակի հարկերի միջոցով լցնելու վրա:
«Եթե հիշում եք, այսօր մեր անուղղակի հարկերը՝ ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ և այլն, կազմում են բյուջեի մոտ 45%-ը, տարիներ առաջ՝ 60%-ը: Հիմա անուղղակի հարկերի մուտքը պետք է կրճատվի ի հաշիվ ուղղակի հարկերի՝ եկամտահարկը, շահութահարկը և մաքսատուրքը, և այլն»,-ասաց նա:
Ըստ տնտեսագետի՝ ընդհանուր առմամբ նոր օրենսգրքով նախատեսված բոլոր արտոնությունները նպաստելու են հարկային մարմինների ու տնտեսվարող սուբյեկտների համագործակցության թափանցիկությանը, քանի որ կրճատվելու է հարկային մարմինների աշխատողների թվաքանակը:
Վազգեն Սաֆարյանն ընդգծեց, որ Հարկային նոր օրենսգիրքը պետք է վարի այնպիսի քաղաքականություն, որպեսզի աճի ՀՆԱ-ի ցուցանիշը:
«ՀՆԱ-ն կարող է մեծանալ, եթե խոշոր արդյունաբերությունը զարգացնենք։ Իսկ դրա պոտենցիալը իրականում մեծ է Հայաստանում»,-ասաց նա: