Նոյեմբերին օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի հոկտեմբերի համեմատությամբ. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: 

Նա մասնավորապես ասել է. «այս տարվա նոյեմբերը հանրապետության ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից մեկ աստիճանով ցածր, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելի»: 

Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին տասնօրյակում ցերեկային ժամերին ակնկալվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +7-ից +9-ը, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում կներթափանցեն արկտիկական ցուրտ հոսանքներ և նշված մարզերում գիշերային ջերմաստիճանը կնվազի մինչև -15-ից -18 աստիճան:

Իսկ հոկտեմբեր ամսվա մասին խոսելիս նա ասել է, որ ամսվա ընթացքում տեղումների քանակը գրանցել է ամսական նորմայի կրկնապատիկը և եռապատիկը: Առատ տեղումներ են դիտվել Արարատյան դաշտում և Երևանում: Երևանի հոկտեմբեր ամսվա նորման 30 մմ էր, բայց այսօրվա դրությամբ արդեն մայրաքաղաքում տեղացել է 115մմ անձրև, ինչը նորման գրանցել է գրեթե երեքուկես անգամ: