ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում շարունակվում է քաղաքացի Ն.Հարությունյանի անհետացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 21-ին Ն.Հարությունյանի ամուսինը՝ Ա.Հարությունյանը, գրավոր հաղորդում է տվել, որ կինը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որևէ տեղեկություն չկա:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքասպանության հասցնելը):
Այնուհետև, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, քննության արդյունքները քննարկվել են, և արարքը վերաորակվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորյալ սպանություն):
Նախաքննությամբ պարզվել է, որ Ն.Հարությունյանը 2007 թվականից Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի թիվ 24 հասցեում գործող` «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառում զբաղվել է ոսկյա զարդերի առուվաճառքով:
Միաժամանակ պարզվել է, որ վերջինս, 2015թ. փետրվար ամսից սկսած, վաճառքից հետո գումարները վճարելու պայմանով ոսկյա զարդեր է ձեռք բերել, որի դիմաց դեռևս ունի գումարային պարտավորություններ:
Որպես վկա հարցաքննվել են նույն տոնավաճառի աշխատակիցները, Ն.Հարությունյանի ազգականները և ընտանիքի անդամները:
Նախաքննության ընթացքում, դատարանի որոշմամբ, ստացվել են Ն.Հարությունյանի բջջային հեռախոսահամարներից կատարված մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները, կատարվել են դրանցից բխող քննչական գործողություններ:
Պարզվել է, որ Ն.Հարությունյանի բջջային հեռախոսահամարները 2015թ. օգոստոսի 21-ից հետո չեն շահագործվել: Օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնող ծառայությունների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվել՝ Ն.Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ:
02.11.2015թ. Ն.Հարությունյանը ներկայացել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա` նախաքննական մարմին:
Ն.Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է և հայտնել է, որ ընտանիքում ստեղծված իրավիճակի պատճառով որոշել է խզել ամուսնու հետ ունեցած կապերը և 2015թ. օգոսոտոսի 21-ին՝ աշխատանքն ավարտելուց հետո, պատահական տաքսի ավտոմեքենայով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և մինչև 2015թ. նոյեմբերի 02-ը բնակվել գյուղերից մեկում՝ չհայտնելով կոնկրետ որ գյուղում է մնացել: Հաղորդաշարերից տեղեկացել է, որ իր անհետ կորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և որոշել է վերադառնալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։