ՀՀ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը մնացել է միայն աշխատավարձի հույսին: Խեղճ քաղաքապետը չունի ո՛չ գույք, ո՛չ մեքենա, ո՛չ էլ այլ ունեցվածք: Այս մասին YN.am (YerevanNews.am-Երևան Նյուզ) տեղեկանում է՝ ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2014թ.-ի հայտարարագիրը:
Հայտարարագրի բոլոր դաշտերը դատարկ են: Միայն հայտարարագրված են Սամվել Դարբինյանի դրամական միջոցները, որոնք հարկային տարվա սկզբում կազմել են 6.450.000 դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 4.200.000 դրամ:
Վանաձորի քաղաքապետը որպես ընթացիկ հարկային տարվա եկամտի աղբյուր է հայտարարագրել աշխատավարձը՝ 3.209.045 դրամ:
Բավական չէ քաղաքապետը չունի ո՛չ տուն, ո՛չ մեքենա, դեռ ավելին՝ 2013թ.-ի համեմատ նրա դրամական միջոցները ևս կրճատվել են: 2013թ.-ի տարեկան հայտարարագրի մեջ նա հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 10.265.000 դրամ, իսկ վերջում՝ 6.450.000 դրամ:
Ուշագրավն այն է, որ մեզ հետ զրույցում Վանաձորի բնակիչները քաղաքապետին բնորոշեցին, որպես անգրագետ, կրթություն չունեցող, տակտի ու էթիկայի զգացում չունեցող անձի, ով պարզապես գռփում ու թալանում է քաղաքի բոլոր հնարավոր ֆինանսական, նյութական և այլ ռեսուրսները:
Այնուամենայնիվ Սամվել Դարբինյանը նաև խորամանկ է, քանի որ կարողանում է այս ռեսուրսները թաքցնել և չհայտարարագրել:
Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. մարտի 13-ին դիմում էր ներկայացրել Բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի կողմից էթիկայի կանոնների խախտման և նրան կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ:
Սամվել Դարբինյանը պարզաբանել էր Վանաձոր համայնքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, նշելով՝ «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»:
Այս ամենից հետո Սամվել Դարբինյանը դեռ շարունակում է զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը:
Իսկ այժմ, Սամվել Դարբինյանը հայտարարում է, թե Վանաձորում բոլորն «Այո»-ի կողմնակից են ՝ «Ոչ» ասող չկա: Միևնույն ժամանակ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ վանաձորցիների հետ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանդիպմանը հաջորդած իրազեկման երթը տեղի է ունեցել ոստիկանների և երթի մասնակիցների միջև բախումներով։