«Լեռնցիների պար» խմբաքանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը 3 օր առաջ համացանցում տեղադրված տեսանյութից տեղեկացել է, որ իր հեղինակած և իր իսկ ձեռքով քանդակված արձանը ամբողջությամբ կողոպտվել և ոչնչացվել է:
1973թ. քանդակագործը նախաձեռնել է «Լեռնցիների պար»-ը: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ քանդակը լինի բրոնզից, սակայն մեծ դժվարություններ են առաջացել, անգամ հրահանգել է եղել դադարեցնել հետագա աշխատանքները և ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քանդակի հեղինակը, պղնձից քանդակված «Լեռնցիների պար»-ը 1984թ.-ին տեղադրվել է Դվին հյուրանոցի բակում,-այս մասին գրում է Փաստինֆոն:
Սակայն այսօր 4 մետր բարձրությամբ քանդակի 90 տոկոսը ոչնչացվել է: Տիգրան Արզումանյանի խոսքով՝ սա հանցագործություն է ՝ ոչ պակաս քան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը և եթե Հայրիկյանի վրա մահափորձ կատարողներին երկու օրում բացահայտեցին, ապա արդեն բավական ժամանակ է ոչ մի տեղեկություն իրենք չունեն, որ իրավապահ մարմինները դրանով զբաղվում են:
Ինչպես պարզվում է նախորդ տարի քանդակագործը դիմել է քաղաքապետարանին և հիշեցրել, որ իրենց սեփականության ցանկում նման քանդակ ունեն և որ պետք է քանդակը, որը պատսպարված է ցանկապատով ազատվի այդ ցանկապատից: Հարցին արձագանքելով քաղաքապետարանը որոշում է կայացրել, այն տեղափոխել ավելի ապահով վայր, ինչի համար ընտրվել է Մաշտոցի պողոտան, սակայն հետո Դվին հյուրանոցի տնօրինությունը կառավարության հետ համաձայնության գալով՝ որոշել են, որ քանդակը մնա նույն տեղում և ուղղակի վերականգնման աշխատանքներ տարվեն: Կառավարությունը անգամ պարտադրել է Դվին հյուրանոցի սեփականատիրոջը, որպեսզի ցանկապատները հանվեն և քանդակը տեսանելի լինի, սակայն այս տարվա հունվարից սկսվելիք աշխատանքներից մինչ այժմ ոչ մի բան չի արվել:
90 տոկոսով կողոպտված և ոչնչացված «Լեռնցիների պար»-ի մասին Դվին հյուրանոցի սեփականատերը ոստիկանությունում հայտարարություն է տվել, որ իրենց 1մլն. դրամի վնաս է պատճառվել, սակայն ըստ քանդակագործի՝ վնասի չափը շատ ավելի է, քան այդ գումարը: Տիգրան Արզումանյանի հավաստմամբ՝ քաղաքապետարանում քանդակի ոչնչացման մասին անգամ չեն էլ իմացել:
«Ես պահանջում են որպեսզի քանդակը վերականգնվի քանի դեռ ես ի վիճակի եմ»,- նշում է քանդակագործը և հավելում, որ այդ փաստը մեծ վրդովմունք է պատճառել իրեն, քանի որ դա եղել է նրա ամենասիրելի քանդակը և անտարբերությունը քաղաքապետարանի և իրավապահ մարմինների կողմից նրան մեծ ցավ են պատճառում:
«Լեռնցիների պար»-ի ոչնչացումը դերասան Ազատ Գասպարյանը բարբարոսություն որակեց, ավելացնելով, որ նա գողերին չի մեղադրում, միայն հարց է բարձրացնում, թե ե՞րբ պետք է Հայաստանում փակվեն գունավոր մետաղների ընդունման կետերը, «մարդը սոված է և ինչ-որ մի բան պոկում տանում է հանձնում: Վերջապես պետք է, մի օլիգարխի կամ մի պետական խոշոր գործչի հոր գերեզմանը պղծվի, որ այս հարցը լուծում գտնի»,- ընդգծեց դերասանն ու հավելեց, որ սա եղել է մի արձան, որի շուրջ երիտասարդները երդվել են բանակ գնալիս, իսկ Արցախյան պատերազմի տարիներին հավաքվել ու նկարվել են, որպեսզի պահպանի իրենց»: