Հայաստանի հավաքականի ու լեհական «Լեխիայի» պաշտպան Լևոն Հայրապետյանը ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ընթանում իր ապաքինումը:

- Անհատական մարզումներս վաղուց վերսկսել եմ: Բժիշկների խոսքերով, հնարավոր է մայիսի կեսերից արդեն կկարողանամ մարզվել թիմի հետ:

- «Լեխիայի» հետ պայմանգիրդ ամռանը կավարտվի, քեզ նոր պայմանագիր առաջարկվե՞լ է:

- Ես դեռ ղեկավարության հետ այդ մասին չեմ խոսել, ինձ մարզիչն ասել է, որ շատ է ուզում, որ ես մնամ թիմում: Բայց հիմա ես նման բաների մասին չեմ մտածում, միայն իմ վերադարձի մասին եմ մտածում: Շատ եմ ուզում Մալթայի ու Դանիայի դեմ խաղերին հասցնեմ պատրաստ լինել ու օգնել թիմին:

- Չեխիայի դեմ խաղին հետևելու համար եկել էիր Հայաստան: Ինչպիսի՞ վիճակում էր հավաքականը:

- Նորմալ: Մեր հավաքականը շատ լավ խաղաց առաջին կեսում ու լավ սկսեց երկրորդ կեսը: Բայց գոլից հետո մենք մեր խաղը կորցրինք, կարծես կոտրվեցինք:

- Դժվա՞ր չէր հետևելը այն դիրքի խաղին, որտեղ ինքդ պետք է խաղայիր:

- Ես մի անգամ արդեն ասել եմ, որ չեմ կարող բացատրել, թե ինչ է զգում մարդ այն պահին, երբ տեսնում է, որ իր ընկերները խաղում են, իսկ ինքը վնասվածքի պատճառով չի կարողանում խաղալ: Ու դիրքն  այստեղ կարևոր էլ չէ:

- Լինելով փորձառու պաշտպան, ի՞նչ կասես պաշտպանության մասին:

- Առաջին հերթին ես ինձ փորձառու պաշտպան չեմ համարում: Հետո էլ կասեմ այն, որ միշտ եմ ասում: Պաշտպանությունը մենք ամբողջ թիմով պետք է փակենք: Բացի ինձնից շատ ֆուտբոլիստներ այդ օրը չխաղացին` Կառլեն Մկրտչյանը, Եդիգարյանը: Ես երբեք չեմ ասի, որ բոլորը խաղային մենք կհաղթեինք, կամ գոլ չէինք ընդունի: Սա ֆուտբոլ է, ու ամեն ինչ հնարավոր է: Մենք բոլորս էլ գիտենք, որ փոքր երկիր ենք ու այնքան շատ ֆուտբոլիստներ չունենք ինչպիսիք ունեն Գերմանիան կամ Իսպանիան:

- Իսկ այսպիսի թիմային խաղով կարո՞ղ ենք ակնկալել, որ լավ խաղ ցույց կտանք ու միավորներ կվաստակենք Մալթայի ու Դանիայի դեմ խաղերում:

- Կարող ենք: Շատ ժամանակ ֆուտբոլում շատ փոքր բաներն են հաղթանակի ու պարտության  տարբերությունը գրանցում: Էլի եմ ասում, մինչև առաջին գոլը մենք լավ խաղ ցույց տվեցինք և չեխերից ավելի լավ գոլային հնարավորություններ ունեցանք:

- Եթե իրատեսորեն նայենք իրավիճակին, հնարավորություն կա՞ Բրազիլիա մեկնելու:

- Դե, քանի որ միավորներով դեռ հնարավոր է, ունենք: Բայց, իհարկե, շատ քիչ: