Հայաստանի մշակույթի նախարարությունում այսօր ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Լատվիական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2015-2018 թթ. համագործակցության մասին» ծրագիրը:
Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն:
Պայմանագրով նախատեսված է համագործակցություն մշակույթի մի շարք ոլորտներում` թատրոն, կինո, գրահրատարակչություն, առանձնակի ուշադրություն է դարձվելու պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին:
«Լատվիայի հետ ամենաակտիվ համագործակցությունը գրականության ասպարեզում է. գրքերի մի շարք թարգմանություններ են արվել»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
«Հուսով եմ, որ 2016-ին կիրականացնենք նոր ծրագրեր և նոր մակարդակի կբարձրացնենք հարաբերությունները երկու երկրների միջև, ինչպես նաև ավելի լայնածավալ և խոշոր ծրագրերով հանդես կգանք»,– հավելեց նա: