ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Գեղակերտ գյուղում ապրող տարեց ամուսինների նկատմամբ կատարված ավազակային հարձակման մի շարք հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Մեղադրանք է առաջադրվել երկու անձի։
2015 թվականի նոյեմբերի 5-ին ահազանգ էր ստացվել՝ Գեղակերտ գյուղի տարեց բնակիչների՝ Խաչատրյան ամուսինների նկատմամբ կատարված ավազակային հարձակման մասին։
Նախնական քննության տվյալներով՝ դիմակավորված անձինք լույս նոյեմբերի 5-ի գիշերը մուտք են գործել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում բնակվող տարեց ամուսինների տուն, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, սպառնալիքներ տալով՝ հափշտակել տանն առկա կանխիկ գումարն ու տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ նրանց պատճառելով առանձնապես խոշոր չափի նյութական վնաս:
Քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ տարեց ամուսինների նկատմամբ ավազակային հարձակումը կատարվել է մի խումբ անձանց կողմից, որոնցից 2-ի ինքնությունը պարզվել է. նրանք հանդիսանում են նույն գյուղի բնակիչներ։
Գեղակերտ գյուղի երկու բնակչի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, բնակարան մուտք գործելով): Նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: