Ծիածանափայլ իշխանն ամենաառողջարար ձկնատեսակներից է, որը պարտադիր պետք է ներառել սննդակարգում: «ԱՄՆ սրտի ասոցիացիան» խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն երկու անգամ սննդի մեջ ներառել 100 գ ձկնեղեն՝ խաշած, խորոված կամ գոլորշու վրա պատրաստած:

Օմեգա -3 ճարպաթթուներ

50 գ իշխան ձկան մեջ պարունակվում է մոտ 981 մգ օմեգա-3 ճարպաթթու և DHA կոչվող թթու: Սա ավելին է, քան օրգանիզմի կողմից պահանջվող՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նշած օրական 300-500 մգ-ը:

Սննդի մեջ այդ ճարպերի հաճախակի օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, արյան մեջ խոլեսթերինի բարձր քանակի և քաղցկեղի որոշ տեսակներով հիվանդանալու վտանգը: Այն նաև բարերար ազդեցություն է ունենում կանխելու դեմենցիան, դեպրեսիան, Ալցհայմերի հիվանդությունը:

Սպիտակուցներ

100 գ ծիածանափայլ իշխանի մեջ պարունակվում է 21 գ սպիտակուց, ինչը կազմում է չափահաս տղամարդու օրական պահանջի 37տոկոսն ու չափահաս կնոջ պահանջի 46 տոկոսը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր կալորիաների իրենց օրական չափաբաժնի 25 տոկոսը ստանում են սպիտակուցային այնպիսի աղբյուրից, ինչպիսին ձուկն է, ավելի հեշտությամբ են նիհարում, շուտ են հագենում և պահպանում են մկանային զանգվածը: Արդյունքներն ավելի գոհացուցիչ կլինեն, եթե սպիտակուցային սնունդ ընդունելուն զուգահեռ կանոնավոր կերպով զբաղվես սպորտով:

Իշխան ձկան մասին
Վնասակար նյութեր

Այն ձկները, որոնք ունեն մերկուրիի ու պոլիքլորացված բիֆենիլ նյութերի բարձր պարունակություն, կարող են վնաս հասցնել երիկամներին, առաջացնել հոգնածություն, նևրոլոգիական խանգարումներ, հատկապես՝ երեխաների ու հղի կանանց պտղի մոտ: Ծիածանափայլ իշխանն ունի մերկուրիի ու պոլիքլորացված բիֆենիլ նյութերի ցածր պարունակություն, նշանակում է՝ շաբաթական երկու անգամ այս ձկան 100 գ օգտագործումն ապահով է և օգտակար:

Ճարպի ցածր պարունակություն

100 գ իշխան ձկան մեջ պարունակվում է ընդհանուր առմամբ 6 գ ճարպ, որից 1,4-ը հագեցած ճարպաթթուներն են, 60 մգ-ը՝ խոլեսթերինը: Ըստ Հարվարդի հանրային առողջության դպրոցի ուսումնասիրությունների՝ իշխան ձկան ճարպի պարունակությունը շատ ավելի քիչ է, քան տավարի, խոզի ու ոչխարի մսի մեջ, որոնք հայտնի են խոլեսթերինի ու հագեցած ճարպաթթուների բարձր պարունակությամբ:

Վչեժ Հովսեփյան