Համակրելի ու խարիզմատիկ Ավետ Բարսեղյանին շատ գեղեցկուհիների հետ են սիրավեպեր վերագրել, մի քանիսին էլ հաղորդավարն ինքն է ներկայացրել որպես իր ընտրյալ, այնուամենայնիվ, 35-ամյա երիտասարդը դեռևս չի լքել ցանկալի փեսացուների ցանկը:
Թերևս պոտենցիալ կողակցուհիների հանդեպ պատշաճ նրբանկատություն դրսևորելով, գուցե նաև հոգալով իր համբավի մասին, Ավետն այլևս զգուշանում է բացահայտել իր սրտի գաղտնիքները: Նույնիսկ բանը հասավ նրան, որ նա որոշեց գաղտնի պահել օրերս տեղի ունեցած իր նշանադրությունը:
Խորհրդավոր ընտրյալի հետ հաղորդավարի հարաբերություններն օրինականացնելու առաջին քայլի մասին այդ օրերին ակնարկեց նրա վաղեմի գործընկերուհի Նազենի Հովհաննիսյանը` սոցցանցի իր էջում հրապարակելով «Ավետի խոսքն իր Միակին» բանաստեղծությունը, որը բազում հիթերի տեքստերի հեղինակը նվիրել է սիրած էակին: Ահա մի հատված այդ քերթվածքից. «Ծնվել ես Դու` անթև մարդու մխիթարանք ու մեծ սփոփանք առ այն, որ Ամենայն սիրով առատ, այս անհրաշք դարում կիսատ դեռ կա Հեքիաթ..»
Ի դեպ, Նազենին, ինչպես նաև Ավետի մյուս մտերիմ ընկերները, նշանադրությանը ներկա չեն եղել: Արարողությունն անցել է զույգի հարազատների նեղ շրջապատում` օրիորդի տանը: Վերջինիս մասին դեռևս տեղեկություններ հայտնի չեն: Հատկանշական է, որ նա ընդունել է իր հայտնի ու գաղտնապահ փեսացուի խաղի կանոնները` չհրապարակելով որևէ լուսանկար սոցցանցերում: Դե ինչ, այս դեպքում ձևափոխելով հայտնի ասացվածքը, կարելի է ասել` դեռևս ոչ այր ու կին, բայց արդեն մի մարմին…
Աղբյուրը` TV մոլ...