«Ուկրաինական CorruptUA պարբերականը գրել է, որ Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանակովիչի մտերիմ ընկերոջ 2.5 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը դարձել է Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրը։ Կիևում գտնվող սույն առանձնատան դարպասին «Ուկրաինայամ Հայաստանի դեսպանի նստավայր» գրությամբ ցուցանակ է հայտնվել։ Առանձնատան սեփականատերը Յանակովիչի իշխանության տարիներին Անտառային ռեսուրսների գործակալության ղեկավար Վիկտոր Աիվեցի կինն է Մարինա Ժուրավլյովան։ CorruptUA-ը նշել է, որ Սիվեցի մասնակցությամբ այսպես կոչված մարկետինգային ծառայությունների սխեմաների քրեական գործը, որով նա որպես կասկածյալ է անցնում, փակված չէ. այս գործը վերաբերում է բազմամիլիոնանոց գործարքների, որոնք կնքվել են օֆշորային տարբեր ընկերությունների հետ։ Նույն պարբերականը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն դեսպանի նստավայրը, ինչպես նաև դեսպանության տարածքն անձեռնմխելի են, հետևաբար, Յանակովիչի դաշնակից Սիվեցը այդ կերպ իրեն պաշտպանում է իրավապահների խուզարկությունից։

Դեսպան Անդրանիկ Մանուկյանը երեկ ArmTimes-ի հետ զրույցում ասել է, թե Սիվեցին չի ճանաչում, տունը վարձակալել է Մարիա Ժուրավլյովայից։ «Ինձ մեր հայերը ասացին, որ շատ լավ առանձնատուն կա, առաջարկեցին վարձակալել։ Ես գնացել, տեսել, հավանել եմ, տան տերը կին էր, բանակցել ենք, պայմանագիր ենք կնքել, վերցրել եմ։ Ես գտնում եմ, որ բոլոր դեսպանների նման Հայաստանի դեսպանն էլ պետք է ունենա լավ հարմարություններ տարբեր մարդկանց, դեսպանների ընդունելու համար։ Ինձ չի հետաքրքրել ումն է տունը։ Ի դեպ, վարձը վճարում եմ իմ անձնական միջոցներից։ Եվ եթե Ուկրաինայի իշխանությունները խնդիր ունեն այդ մարդկանց հետ, թող գնան, գտնեն, պարզեն։ Ես կարող եմ դուրս գալ այս տնից, եթե պարզեն, որ այդ տան տիրոջ հետ կապված ինչ-որ կրիմինալ կա, խնդիրներ կան»,– ասել Է Ուկրաինայամ ՀՀ դեսպանը։ Նա նշել է, թե իրավապահներն իրեն այդ հարցով չեն դիմել, և ինքը չի հասկանու, թե որն է այդտեղ կոռուպցիոն ռիսկը։ «Ես այդ տունը վարձակալել եմ 2013թ., երբ ոչ հեղափոխություն կար, ոչ էլ Յանակովիչն էր փախել։ Ես այդ ժամանակ չէի կարող կանխատեսել, որ 2014-ին հեղափոխության կլինի կամ Յանակովիչը կփախչի»,- ասել է դեսպանը և հայտարարել, թե ուկրաինական պարբերականի հրապարակմամբ փորձ է արվում վարկաբեկել ՀՀ դեսպանին»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: