Հայկական երկու հանրապետությունների փոխհամագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 20-21-ը աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ եղավ ՊԲ մի շարք զորամասերում ու նրանց պահպանության տակ գտնվող բնագծերում և տեղում ծանոթացավ բանակաշինության ուղղությամբ իրականացվող գործընթացների ներկա վիճակին: Շրջայցը, որին մասնակցում էին նաև հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարներն ու զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները, մեկնարկել է հարավ-արևելյան հատվածում, որտեղ հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական վերնախավը հետևել է գնդային մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլին:
Զորավարժությանը հաջորդել է մասնակից անձնակազմի պարգևատրման արարողությունը, որի ընթացքում լավագույն կողմերով առանձնացած անձնակազմն արժանացել է խրախուսանքի և արժեքավոր նվերների: Այնուհետև նրանք մասնակցել են զորանոցների, զինտեխնիկայի համար նախատեսված շվաքարանների բացման հանդիսավոր արարողություններին, մեկնել բանակային բնագիծ և հետևել բանակային բնագծում կահավորվող գումարտակի պաշտպանության շրջանում առանց մարտական հրաձգության վաշտային մարտավարական զորավարժության:
Շրջայցի երկրորդ օրը երկու հանրապետությունների ղեկավարները նախ՝ մասնակցեցին ՊԲ շտաբում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է բանակի հրամանատարի որոշումը, անդրադարձել 2015թ. բանակային տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների կատարման արդյունքում արձանագրված ձեռքբերումներին և առկա հիմնախնդիրներին: Այնուհետև հայկական երկու հանրապետությունների նախագահները ներկա գտնվեցին ՊԲ շտաբում մարզադահլիճի բացման և ք.Ստեփանակերտում բազմաբնակարանոց բնակելի սպայական շենքերի նորամուտի հանդիսավոր արարողություններին ու բանակի "Ասպարեզ" ուսումնական կենտրոնում հետևեցին "Գիշերային պայմաններում հատուկ նշանակության խմբի հատուկ գործողությունները հակառակորդի առաջնային գծում ու մոտակա խորքում" և "Ջոկը պաշտպանությունում" թեմաներով ցուցադրական պարապմունքներին:
Այսքանով ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՊԲ զորամասեր կատարած հերթական այցը: