Մահացել է սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը: Այս մասին գուժեցին Մշակույթի նախարարությունից: Ասացին` դերասանուհին վատառողջ էր: Հոգեհանգստի, հուղարկավորության տեղի ու ժամի մասին դեռևս հստակ ոչինչ չկա:
«Այս պահին ճշտումներ են արվում, քիչ անց բոթը կտեղադրենք նախարարության պաշտոնական էջում»,-ասացին նախարարությունից:
Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928թ. մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինն է: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում: 1947թ. ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում: 1958թ-ից տեղափոխվել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն:
Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում` Շիրվանզադեի «Պատվի համար»` Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»` Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»` Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»` Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»` Իշխանուհի և այլն: Խաղացել է նաև արևմտահայ դերերում` «Պաղդասար Աղբար»` Անույշ և այլն: Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում: Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն: 1958թ-ից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ, եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից:
1985թ. հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի: Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր: 1965թ. արժանացել է ՀԽՍՀ, 1988թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1995թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: