ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 26-ին հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովի հետ:

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Ասիլբեկ Ժեենբեկովին Ղրղզստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա ղեկավարության ընթացքում Հայաստանի և Ղրղզստանի միջև խորհրդարանական համագործակցությունն առավել կամրապնդվի:

Խոսելով միջխորհրդարանական երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ՝ Գալուստ Սահակյանը կարևորել է միջազգային հարթակներում փոխադարձ աջակցությունն ու համագործակցությունը և անհրաժեշտ համարել դրանց ակտիվացումը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի և Ղրղզստանի օրենսդիր մարմինների համագործակցությանը, մասնավորապես խոսել է ԵՏՄ անդամակցությունից և անհրաժեշտ համարել օրենսդրական լուծումներ պահանջող հարցերում լինել միասնական:

Գալուստ Սահակյանը Ղրղզստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:

Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նա փաստել է, որ Ղրղզստանն ու Հայաստանը եղբայրական պետություններ են և ընդգծել երկկողմ ու բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Ասիլբեկ Ժեենբեկովը, խոսելով նաև Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, նշել է, որ Ղրղզստանի խորհրդարանը դիտորդական առաքելություն կիրականացնի հանրաքվեի ընթացքում: Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարը կարևորել է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու՝ Հայաստանի փորձը: Նա տեղեկացրել է, որ Ղրղզստանը նույնպես մտադիր է իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ հիմքում ունենալով խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու նպատակ:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ասիլբեկ Ժեենբեկովի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված մանրամասներ: