Յուրաքանչյուր մարդ հարուստ է իր ծնողներով ու մեծերով, անկախ նրանից, թե քանի տարեկան է նա, ինչ դիրք է զբաղեցնում: Ամեն մի տարիքում մարդն իր շրջապատին ընկալում է յուրահատուկ ձևով: Երբեմն այնպես է ստացվում, որ մարդիկ չեն գնահատում իրենց «հարստությունը»:

Արդեն ուղիղ 15 տարի է, ինչ մահացել է պապս: Ցավոք, գիտակցական կյանքում չհասցրեցի վայելել նրա ներկայությունը, լսել խրատները: 15 տարեկան էի, երբ հեռացավ կյանքից, գլխումս նրա խոսքերից քիչ բան է մնացել, գուցե նրանից է, որ հատուկ չեմ ֆիքսել, չեմ մտածել, որ այլևս հնարավորություն չի լինի լսելու նրան: Մի տեսակ առանձնահատուկ թախիծ ու կարոտ կա: Կարոտ ասվածը բարդ հասկացություն է, աշխարհում այն եզակի բառերից է, որ չի թարգմանվում ոչ մի լեզվով (իրականում աշխարհի այլ լեզունեով թարգմանելով, մենք չենք ստանում այն իրական զգացումները, ինչը մեր մոտ աաջացնում է Կարոտը):

Պապս` Հրաչ Հմայակի Բարխուդարյանը ծնվել է 1930 թվականին, Ստեփանավանի շրջանի Ագարակ գյուղում, հյուսնի ընտանիքում՝ նույն օջախում, որտեղ ընդամենը մեկ տարի առաջ` 1929-ին, ծնվել է այդ օջախի մյուս թոռը՝ Սոս Արտաշեսի Սարգսյանը (Հրաչը և Սոսը զարմիկներ էին` քեռու և հորաքրոջ տղաներ): Հրաչը, ի տարբերություն իր արվեստագետ եղբոր, բազային կրթություն չի ստացել. նա սովորական սովետական «սովխոզի» վարորդ էր: Սակայն դա չէր խանգարել նրան ունենալ ակադեմիական մտածելակերպ և հարցերին նայել իր փիլիսոփայությամբ: Նրա` կենսափորձով ձեռք բերված խրատների խորության համար իրոք պետք էր ակադեմաիական կրթություն: Լինելով ընտանիքի փոքր որդին՝ Հրաչն ապրում էր մեծահասակ ծնողների հետ և դա ևս լուրջ գրավական է եղել ծնող-որդի, վեհություն-պարկեշտություն հասկացությունները ամենից գերադասելու համար:
Նրան կոչում էին Կոկոմ-Հրաչ, քանի որ բավականին գեղեցիկ կազմվածքի ու գեղեցիկ արտաքին ուներ` շեկ մազեր և հուր աչքեր: Իր մարդկային արժեքներով նա հասարակության կողմից ընդունվում էր որպես առաքինության և հավատարմության երաշխիք ու մարմնացում:

Չփորձելով զբաղվել պապիս գովքով՝ ներկայացնեմ մի հետաքրքիր պատմություն: Մի անգամ Կոկոմի օջախում մեծ միջոցառում էր, բազմամարդ խնջույքի սեղանապետը տանտերն էր և նրա կողմից հնչեցրած կենացը վառ մնաց իմ և, ըստ իս, շատերի հիշողության մեջ: Կոկոմը գավաթ բարձրացեց քույրերի և եղբայրների համար՝ ասաց. «Կյանքս էնքան կարճ է, որ չեմ հասցնի ախպորս ու քրոջս հետ կռվեմ ու նորից բարիշեմ, եկեք բոլորս ապրենք մեր հարազատների հետ հաշտ ու համերաշխ, էս կյանքը ակնթարթ ա»:

Պապիս կենացից անցել է 20-ից ավելի տարի, այս տարիների ընթացքում ամեն տարին իր «սև» գծով ապացուցում է պապիս խոսքերը, որ կյանքում ոչինչ չես հասցնում անել կատարյալ ու հասցնել ավարտին, դա տևում է ընդամենը ակնթարթ:

ՀԳ. Չեմ մտածել, որ պապիս մասին պիտի հատուկ մի բան գրեմ, անկախ ինձանից գրեցի: Այսօր լրացավ Կոկոմ-Հրաչի մահվան 15-րդ տարին, ուղիղ այդքան տարի առաջ նա բռնեց հավերժ անմահության ճանփան՝ գոնե իմ ու իր երեխաների, մյուս թոռների համար:

ՀԳ2. Չկարողացա գերեզման այցելել… պատճառները հարգելի են: Հուսով եմ՝ պապս կհասկանա: