Ապրիլի 23-ին, երեկոյան «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ եւ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի աջակցությամբ մեկնարկվեց արդեն ավանդական դարձած ջահերով ու մոմերով երթ դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող:

Նախքան երթի մեկնարկելը երիտասարդները հավաքվեցին եկեղեցում, որտեղ հոգեւորականների հետ միասին աղոթեցին Ցեղասպանության ընթացքում նահատակված հայերի ոգիների համար:


Այնուհետեւ երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված մոմերը ձեռքերին բարձրաձայն կոչ էին ուղղում Վրաստանի իշխանությանը հետևել քաղաքակիրթ աշխարհի մի շարք պետություններին ու ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը:

Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակից երիտասարդները հանդես եկան Հայոց ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով, ինչին հետևեցին հայրենասիրական երգեր ու կանչեր:

Չնայած սաստիկ քամուն, որը այսօր Ախալցխայում ծառեր էր շրջել եւ շենքերի կտուրներ ավերել, այնուամենայնիվ արդեն ավանդական երթը կայացավ շնորհիվ երիտասարդների անկոտրուն ոգու եւ պատասխանատվության բարձր զգացումի:

Երթը խաղաղ, առանց միջադեպերի անցկացնելու համար կազմակերպիչներին իրենց շնորհակալությունը հայտնեցին Ախալցխայի գամգեոբայի ներկայացուցիչները: