«Արքայական ակումբը» կարող է որակազրկվել և դուրս մնալ Իսպանիայի Գավաթից:
Առաջնության 1/16 եզրափակիչի առաջին խաղում մադրիդցիները երեկ 3:1 հաշվով արտագնա հաղթանակ են տարել «Սեգունդա Բ»-ն ներկայացնող «Կադիսի» նկատմամբ:
Ռուս ֆուտբոլիստ Դենիս Չերիշևը, ով գավաթի նախորդ խաղարկության ժամանակ վարձավճարով հանդես էր գալիս «Վիլյառեալի» կազմում, իրավունք չի ունեցել մասնակցել այդ հանդիպմանը, քանի որ որակազրկված է եղել:
Կանոնակարգի համաձայն՝ եթե «Կադիսը» բողոք ներկայացնի, «Ռեալը» պետք է զրկվի Իսպանիայի Գավաթում ելույթները շարունակելու հնարավորությունից:
Հատկանշական է, որ հանդիպման հաշիվը բացել է հենց Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանը, իսկ ընդմիջումից հետո Իսկոն դուբլ է ձևակերպել:
Հավելենք, որ թիմերի միջեւ պատասխան խաղը նախատեսված է դեկտեմբերի 12-ին՝ Մադրիդում: