«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի ընդդիմադիր սրացումները, մեր տեղեկություններով, գործադիրում հայտնվելու նրա չիրականացված երազանքով են պայմանավորված: Գաղտնիք չէ, որ Վարդան Այվազյանը մեծ ցանկություն ունի կառավարության կաբինետում հայտնվելու։
Թվում էր՝ նրա երազանքն իրականանալուն շատ մոտ էր, երբ վարչապետ դարձավ նրա հետ ջերմ հարաբերություն ունեցող Հովիկ Աբրահամյանը, բայց Այվազյանի աղմկահարույց անցյալը խոչընդոտեց ցանկալի հեռանկարին:
Հիմա, ասում են, Այվազյանը ժամանակ առ ժամանակ «քլնգում» է կառավարության անդամ հարազատ թիմակիցներին՝ ցույց տալու համար, թե ինչպիսի «անտեղյակներ» են հայտնվել ոլորտում, իսկ իր պես «խելացին» մնացել է խորհրդարանում: Պատգամավորն առիթը բաց չի թողնում հրապարակավ պախարակելու նրանց, «սխալ հանելու» ու իր «ճիշտը» ցուցադրելու համար:
Երեկ էլ նա «շան լափ է թափել» էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի գլխին, որն Այվազյանի ղեկավարած ԱԺ տնտեսական հանձնաժողովին է ներկայացրել պարենային ապրանքների ընդհանուր անվտանգության մասին և շուկայի վերահսկողության ու հարակից այլ նախագծերի փաթեթը: Այվազյանը ողջ քննարկման ընթացքում թիմակցին բռնել է սխալի վրա ու ապացուցել, որ կառավարությունը ցանկանում է փոքր և միջին տնտեսվարողների վիճակը «բարդացնել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: