ԱԺ այսօրվա նիստի մթնոլորտն առաջին հայացքից բավականին ձանձրալի էր և մի տեսակ գաղջ, սակայն հերթական քառօրյայում հետաքրքրություն մտցրեց Գրիգորիչ-Զառա (Գալուստ Սահակյան-Զարուհի Փստանջյան) տանդեմը՝ իր ողջ կոլորիտով ու շլացուցիչ փոխադարձ հղված «կոմպլիմենտներով»:

Փոստանջյանը, իր պատգամավորական լիազորությունները որոշակի չարաշահելով, ամեն կերպ փորձում էր պառլամենտում որոշակի սրություն մտցնել` անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած խախտումներին:

Փոստանջյանը հաղթանակած հռետորին վայել կեցվածքով հայտարարեց. «Որպեսզի ունենանք երջանիկ ապագա, պայքարը պետք է շարունակել: Ես երեկ այրեցի Սերժ Սարգսյանի, Գագիկ Հարությունյանի ու Տիգրան Մուկուչյանի խրտվիլակները»: Գրիգորիչը հերթական անգամ նրան սաստեց՝ հայտարարելով, թե սա հանրահավաք չէ, ԱԺ ամբիոնն է, այն պղծելու համար չէ, անհարմար է: ՀՀԿ-ական կանայք սկսեցին դահլիճից ամոթանք տալ Փոստանջյանին:

Փոստանջյանը հայտարարեց, որ անգամ կեղծիքների պայմաններում Սերժ Սարգսյանը չկարողացավ իր կեղծ գործընթացն առաջ տանել և խայտառակ եղավ: «Դուք արդեն ստանձնում եք չեբուռաշկայի դերը»,- Փոստանջյանին դիմեց մաեստրոն և հրահանգեց անջատել նրա խոսափողը:

Արմեն Հովասափյան