Ինչպես արդեն նշել ենք,  մեզ դիմել էին  ծնողներ՝ դժգոհելով, որ Բյուրեղ մանկական ջրի փականի վրա ամրացված պիտակը (ակցիզային հարկի նիշ) վտանգում է երեխայի կյանքը։ Երեխան կարող է շիշը հենց փակ վիճակում դնել բերանում կամ կարող է պոկել և խաղալ պիտակի հետ, արդյունքում, եթե պիտակը հայտնվի փոքրիկի բերանում, կարող է անգամ խեղդվելու պատճառ դառնալ։

Խնդրի շուրջ Երևան Նյուզ լրատվականը կապ հաստատեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, հասկանալու համար, որքանով է ճիշտ և արդարացված մանկական ջրի փականի վրա ամրացված պիտակը, վերջինս կիսվեց իր տեսակետով.

«Մենք առաջին հերթին պետք է հասկանանք մանկական ջուր ունե՞նք, թե՞ ոչ: Ի՞նչ ասել է մանկական ջուր: Չի բացառվում, որ լուրջ ուսումնասիրություն արվի և հասկացվի, որ մանկական ջուր չկա, ուրեմն պետք է հանվի այդ հասկացողությունը: Գուցե պարզվի, որ մանկական ջուրն ընդամենը մոլորություն է, և պատկան կառույցները լավ չեն աշխատել: Տվյալ պարագայում պատկան կառույցները երկուսն են՝ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով»:

Մեկը պետք է ստուգի և հասկանա, թե մանկական ջուրը սովորական ջրից ինչո՞վ է տարբերվում, որից hետո մյուսը պետք է գնա և հասկանա, թե մոլորեցնող ֆակտոր ունե՞ր, թե՞ ոչ: Եթե այդքանից հետո պարզվի, որ կա մանկական ջուր, ապա պետք է դրոշմապիտակն այդ շշերի վրա թաքցնել թղթի տակ` շշի ներքևի հատվածում կամ բացառություն անել և չտեղադրել դրոշմապիտակները, կամ գոնե գտնել երրորդ լուծումը»,-եզրափակեց մասնագետը:

Նշենք նաև, որ խանութների ցուցափեղկերին դեռ շարունակում են մնալ և վաճառվել Բյուրեղ մանկական ջրերը՝ փականների վրա տեղադրված պիտակով՝ վտանգելով և չկարևորելով սպառողների առողջությունը։