Պոեզիան թևակոխեց ԱԺ կամարներից ներս: Հայտնի է, որ ԱԺ նախագահը դեմ չէ աֆորմիզմների և գրական ստեղծագործությունների հաճախակի կիրառմանը, ԱԺ այսօրվա նիստում կատարվածը գերազանցեց բոլորի սպասումները:
ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր «ՀՀ Զինանշանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանն իր ելույթն ավարտեց Զարուհի Փոստանջյանին ուղղված կոչով և ընթերցեց Նարեկացու տողերը, ապա հավելեց. «Ուզում եմ, որ բոլորս հետևություն անենք այս տողերից»:
Մուրադյանի ընթերցանությունից հետո Նիկոլ Փաշինյանը տեղից՝ առանց խոսափողի, խոսք ուղղեց Հերմինե Նաղդալյանին. «Սա օրինագծի քննարկում է, այլ ոչ թե պոեզիայի ժամ»: «Ճիշտն ասած՝ ինձ էլ զարմացրեց, սակայն տիկին Մուրադյանը կապել էր քննարկվող հարցի հետ»,- պատասխանեց Նաղդալյանը: ԱԺ փոխխոսնակը Նիկոլին խոստացավ Քուչակի հայրենները կարդալու ժամանակ չընդհատել ընթերցանությունը, ինչքան էլ այն քննարկվող հարցի հետ կապ չունենա:
Որոշ ժամանակ անց ԱԺ խռովված մթնոլորտը զարդարեց Զարուհի Փոստանջյանի քսան րոպեանոց ճառը, որը ցիտված էր հայ դասական Ռափայել Պատկանյանի «Վարդապետարան»-ը: Փոստանջյանի խոսքերով՝ այն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը և հուզում է բոլորին:
Ինչպես կասեր Գալուստ Գրիգորիչը՝ «չես հասկանում՝ սա զավեշտ է, թե հումոր», որովհետև մեր օրենսդիրները կորցրել են իրականության զգացումը:
Արմեն Հովասափյան