«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսին նշեց, որ ընդհանուր առմամբ սննդի շուկան կարգավորվել է, թեև իրենք այս տարի բազմաթիվ բողոքներ են ստացել տարբեր ոլորտներից:
«Այսօր պտուղ բանջարեղենի շուկան շատ վատ վիճակում է»,-ասաց նա և նշեց, որ նույնիսկ լոլիկից թունավորման դեպքեր են գրանցվել և խորհուրդ տվեց չգնել «արհեստական» լոլիկ, վարունգ:
«Մենք վստահելի շուկա չունենք, ալկոհոլային շուկայում բազմաթիվ կեղծիքներ կան»,-ասաց նա և նկատեց, որ թեև սպառողները սկսել են ուշադրություն դարձնել ժամկետներին, սակայն դա համատարած չէ:
«Սպառողական կրթական այն մակարդակը չկա, որ մարդիկ հասկանան, որ իրենք են վճարում և իրենք են շուկայի տերը»,-ասաց նա: Նա նկատեց, որ բացի այն, որ արտահանումը պակասել է, նվազել է նաև սպառողների գնողունակությունը:
Անդրադառնալով Ամանորով պայմանավորված թանկացումներին՝ Մելիտա Հակոբյանն ասաց, որ թանկացումներ կան, սակայն որքան էլ դրանք ավելանան, շատ չեն կարող բարձրացնել, որովհետև գնորդներ չկան: Ամեն դեպքում, նրա գնահատմամբ, տասից քսան տոկոս գնաճ կարող է լինել, հատկապես ընդեղենը կթանակա:


