Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայ մարմնակրթական ընդհանուր միության միջև ընդհանուր համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխել:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության նորընտիր անդամների հետ: Բարձր գնահատելով կառույցի դերը Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման և հայապահպանության գործում՝ Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ մշտապես պատրաստ է սատար կանգնել համահայկական կարևոր ծրագրերի իրականացմանը:

«Ես միշտ ասել եմ, որ պատրաստ եմ դեռ ավելին անելու, քանի որ այն, ինչ անում ենք, ճիշտ նպատակին է ծառայում: Ամեն անգամ տեսնելով կազմակերպվածությունը, սրտացավությունը և արդյունքը՝ մենք պետք է անենք ավելին, որ կարողանանք մարդկանց բերել հայրենիք: Մեր երկիրն այսօր շատ տարբեր ոլորտներում աշխարհում ներկայացված չէ, պետք է անենք այնպես, որ մարդիկ գան, տեսնեն, շփվեն, ծանոթանան, ընկերանան, և կապ լինի: Որտեղ միասնություն, այնտեղ հաջողություն և հաղթանակ: Միայն համախմբված լինելու շնորհիվ է հնարավոր շենացնել հայրենիքը»,- ասել է Ծառուկյանը: