Բացի դիվերսիոն գործողություններից, դեկտեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը հակառակորդը տարբեր զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 235 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /373 արկ/, 82 /189 արկ/, 120 /15 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 /3 արկ/, ՀԱՆ-17 /19 արկ/ և ՌՊԳ-7 /13 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

Նշենք, որ ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):