Մեր ընթերցողին այսօր առաջարկում ենք հատված «Փոքրիկ Իշխանից»․․․
- Բարև,- ասաց նա:
- Բարև,- քաղաքավարի պատասխանեց Փոքրիկ իշխանը, գլուխը շուռ տալով: Բայց նա ոչ ոքի չտեսավ:
- Ես այստեղ եմ,- նորից լսվեց ձայնը: - Խնձորենու տակ…
- Դու ո՞վ ես,- հարցրեց Փոքրիկ իշխանը: - Ինչքան սիրուն ես…
- Ես աղվեսն եմ,- ասաց աղվեսը:
- Մի քիչ խաղա ինձ հետ,- խնդրեց Փոքրիկ իշխանը, - ես շատ տխուր եմ:
- Ես քեզ հետ խաղալ չեմ կարող, - պատասխանեց աղվեսը, - ես ընտելացված չեմ:
- Ախ. ներիր,- ասաց Փոքրիկ իշխանը:
Հետո մի փոքր մտածելով, հարցրեց.
- Իսկ ինչպե՞ս են ընտելացնում:
- Դու տեղացի չես երևում,- նկատեց աղվեսը: -Ի՞նչ ես փնտրում այստեղ:
- Մարդկանց եմ փնտրում, - պատասխանեց Փոքրիկ իշխանը: - Իսկ ինչպե՞ս են ընտելացնում:
- Մարդիկ հրացան ունեն և որսի են դուրս գալիս: Դա շատ անհարմար բան է: Հետո՝ նրանք հավ են պահում: Նրանց լավն էլ միայն այդ է: Դու հա՞վ ես փնտրում:
- Ոչ,- ասաց Փոքրիկ իշխանը: - Ես բարեկամ եմ փնտրում: Իսկ ինչպե՞ս են ընտելացնում:
- Դա վաղուց մոռացված հասկացություն է,- բացատրեց աղվեսը:- Դա նշանակում է՝ կապվել մեկի հետ…- Կապվե՞լ…
- Հենց բանն էլ այդ է ,- ասաց աղվեսը: -Դու ինձ համար առայժմ միայն մի փոքրիկ տղա ես, այնպես ինչպես մյուս հազարավոր տղաները: Եվ դու ինձ պետք չես: Ես էլ քեզ պետք չեմ: Ես քեզ համար ընդամենը մի սովորական աղվես եմ, այնպես ինչպես մյուս հարյուր հազարավոր աղվեսները: Բայց եթե դու ինձ ընտելացնես, մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար: Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը…
- Ես սկսում եմ հասկանալ, ասաց Փոքրիկ իշխանը: - Մի վարդ կար… որը երևի ինձ ընտելացրել էր…
- Շատ հավանական է,- համաձայնեց աղվեսը: - Երկրի վրա ինչեր ասես, որ չեն լինում:
- Դա երկրի վրա չէր,- ասաց Փոքրիկ իշխանը:
Աղվեսը շատ զարմացավ:
- Ուրիշ մոլորակի վրա՞…
- Այո:
- Իսկ այդ մոլորակի վրա որսորդներ կայի՞ն:
- Ոչ:
- Ինչ հետաքրքիր է: Իսկ հավ կա՞:
- Ոչ:
- Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում,- հառաչեց աղվեսը:
- Իմ կյանքը ձանձրալի է անցնում: Ես հավ եմ որսում, իսկ մարդիկ որսում են ինձ: Բոլոր հավերը մեկ են և մարդիկ էլ մեկ են: Եվ իմ կյանքը ձանձրալի է: Բայց եթե դու ինձ ընտելացնես, իմ կյանքը ոնց որ արեվից՝ կլուսավորվի: Քո ոտնաձայները ես հազարավոր ոտնաձայներից կտարբերեմ: Մարդկանց ոտնաձայները լսելով՝ ես միշտ փախչում եմ և թաքնվում գետնի տակ: Բայց քո քայլվածքը երգի պես ինձ կկանչի, և ես դուրս կգամ իմ թաքստոցից: Եվ հետո նայիր… Տեսնու՞մ ես, այնտեղ արտերի մեջ հասունանում է ցորենը: Ես հաց չեմ ուտում: Հասկեր ինձ պետք չեն: Ցորենի արտերն ինձ ոչինչ չեն հիշեցնում: Եվ դա շատ տխուր բան է: Բայց դու ոսկե մազեր ունես: Եվ ինչքան լավ կլինի, որ դու ինձ ընտելացնես: Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին: Եվ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը…
Աղվեսը լռեց ու երկար ժամանակ նայում էր Փոքրիկ իշխանին: Հետո ասաց.
- Խնդրում եմ ընտելացրու ինձ:
- Ես ուրախությամբ այդ կանեի,- պատասխանեց Փոքրիկ իշխանը,- բայց ես անյքան քիչ ժամանակ ունեմ… Ես դեռ բարեկամներ պիտի փնտրեմ և նրանցից դեռ ուրիշ բաներ պիտի իմանամ:
- Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել,- ասաց աղվեսը:- Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ են պատրաստի գնում խանութներում: Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն: Եթե ուզւոմ ես բարեկամ ունենալ, ընտելացրու ինձ:
- Իսկ դրա համար ի՞նչ է պետք անել,- հարցրեց Փոքրիկ իշխանը:
- Հարկավոր է համբերություն ունենալ,- պատասխանեց աղվեսը:- Նախ նստիր այնտեղ, խոտի վրա, այ այդպես: Ես քեզ վրա ծուռ-ծուռ կնայեմ, բայց դու սուս մնա: Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն: Նստիր այնտեղ, բայց օր-օրի վրա մի փոքր մոտեցիր…
- Ավելի լավ է միշտ նույն ժամին արի,- խնդրեց աղվեսը:- Ա՜յ, օրինակ, եթե դու գաս ժամը 4-ին, ես ժամը 3-ից արդեն ինձ երջանիկ կզգամ: Ժամը 4-ին ես արդեն կսկսեմ հուզվել և անհանգստանալ: Ես կսկսեմ զգալ երջանկության գինը: Իսկ եթե դու ամեն անգամ տարբեր ժամի գաս, ես չեմ իմանա, թե որ ժամի համար նախապատրաստեմ իմ սիրտը… Անհրաժեշտ է պահպանել ծիսակատարությունը:
- Իսկ ի՞նչ բան է ծիսակատարություն,- հարցրեց Փոքրիկ իշխանը:
- Դա էլ վաղուց մոռացված բան է,- բացատրեց աղվեսը:- Դա մի բան է, որի շնորհիվ մի օրը այլևս նման չի լինում մյուս օրերին, ժամը՝ մյուս ժամերին: Այ օրինակ, իմ որսորդները այսպիսի ծիսակատարություն ունեն. Հինգշաբթի օրերը նրանք պարում են գյուղի աղջիկների հետ: Եվ ի՜նչ հիանալի օր է հինգշաբթին: Ես զբոսանքի եմ գնում և հասնում մինչեւ խաղողի այգիները: Իսկ եթե որսորդները պարեին երբ խելքներին փչեր, բոլոր օրերը միանման կլինեին, և ես երբեք չեի հանգստանա:
Այսպես Փոքրիկ իշխանը աղվեսին ընտելացրեց: Եվ ահա հասավ հրաժեշտի ժամը:
- Ես լաց կլինեմ քեզ համար,- հառաչեց աղվեսը:
- Դու ես մեղավոր,- ասաց Փոքրիկ իշխանը:- Ես չեի ուզում, որ քեզ համար դժվար լինի, դու ինքդ խնդրեցիր, որ քեզ ընտելացնեմ:
- Այո իհարկե,- ասաց աղվեսը:
- Բայց դու լաց կլինես:
- Այո, իհարկե:
- Նշանակում է, որ վատ ես զգում քեզ:
- Ոչ,- առարկեց աղվեսը:- Ես ինձ լավ եմ զգում: Հիշիր, թե քեզ ինչ էի ասում ոսկե հասկերի մասին:
Նա լռեց: Հետո ավելացրեց:
- Գնա մի անգամ էլ նայիր վարդերին: Դու կհասկանաս, որ քո վարդը աշխարհում միակն է: Իսկ երբ վերադառնաս ինձ հրաժեշտ տալու, ես քեզ մի գաղտնիք կասեմ: Դա կլինի իմ նվերը քեզ:
Փոքրիկ իշխանը գնաց վարդերին նայելու:
Դուք բոլորովին նման չեք իմ վարդին,- ասաց նա:- Դուք դեռ ոչինչ եք: Ոչ ոք ձեզ չի ընտելացրել: Առաջ իմ աղվեսն էլ ձեզ նման էր: Նա ոչնչով չէր տարբերվում մյուս հարյուր հազարավոր աղվեսներից: Բայց ես նրա հետ բարեկամացա, և հիմա նա միակն է ամբողջ աշխարհում:
Վարդերը շփոթվեցին: