Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ էլ մենք ակնկալիք չենք ունեցել, որ այն դրական արդյունք կտա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Տարիներ շարունակ Ադրբեջանի նախագահը կոչ է անում խաղաղ բանակցային կարգավորման խնդրի հետ կապված, բայց դրժում է իր խոստումը: Այստեղից կարելի է եզրահանգում անել, որ կա՛մ նա ստախոս է, կա՛մ իր բանակն իրեն չի ենթարկվում: Հակառակ դեպքում հանդիպումներից առաջ դիվերսիոն հարձակումներ, հրադադարի ռեժիմի խախտումներ չէին լինի»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ նկատելով, որ հենց այդ պատճառով Ադրբեջանը հրաժարվեց սահմանին տեսախցիկներ տեղադրելու առաջարկից:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ եթե Հայաստանը հրաժարվեր հանդիպումից, դա շահարկվելու էր Ադրբեջանի կողմից: «Լինելու էին այլ մեկնաբանություններ, որ մենք խաղաղ բանակցություններից ենք հրաժարվում նախագահը, կրկնում եմ, որևէ մեկ անգամ չի պահել իր խոսքը»,- նշեց Բաղդասարյանը ու նախագահների հանդիպումներից ակնկալիքներ ունենալը գնահատեց որպես կարճատեսություն: